ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ զենքերի մատակարարման գործով այլ մեղադրյալներ էլ կներգրավեն, քանի որ իշխանությունները փորձում են այս գործերով պատերազմի մեղավորներ գտնել: Խաչատրյանը News.am-ի հետ զրույցում է նման կարծիք հայտնել` անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Տոնոյանը և ՀՀ–ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավիթը», կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։
«Ոչինչ ասել չեմ կարող և ցանկալի չէ՝ գործն ավարտված չլինելու պատճառով։ Ամեն դեպքում բոլոր առումներով շատ տհաճ է»,–ասել է Տիրան Խաչատրյանը:
Հարցին, թե իր կարծիքով պաշտպանության նախկին նախարարը մեղավոր չէ՞, Խաչատրյանը պատասխանել է` չի կարող ասել, գործի ընթացքում կպարզվի:
Հիշեցնենք` ԱԱԾ–ն հայտնել էր, որ Տոնոյանն ու Գալստյանը ձերբակալվել են խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: