Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են գերիների թեման, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ղարաբաղյան թեման։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրները
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները կարևորել են հումանիտար հարցերի հետևողական լուծումը, առաջին հերթին՝ Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: