Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է սահմամագծման վերաբերյալ փոխզիջումային լուծումներ փնտրեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային խնդիրներին:
Պուտինի ու Էրդողանի բանակցությունները շուրջ 3 ժամ տևեցին
«Կարծիքներ փոխանակեցին Սիրիայի վերաբերյալ՝ մանրամասն, խոսեցին Աֆղանստանի մասին, խոսեցին Լիբիայի մասին և, իհարկե, խոսքը նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին էր»,-հստակեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ Պուտինը Էրդողանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը:
«Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման փոխզիջումային լուծում փնտրեն», - ասել է Պեսկովը:
Էրդողանը Պուտինի հետ կայացած երկխոսությունն արդյունավետ է համարում
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունները շարունակվել են 2 ժամ 45 րոպե՝ մամուլի համար փակ ռեժիմով: Ընդ որում, Ռուսաստանի նախագահի համար ինքնամեկուսացումից հետո սա առաջին հրապարակային հանդիպումն էր։