Կիրկորովն ու Կրուտոյը նվեր կանեն. Կրեմլում Առնո Բաբաջանյանի նվիրված համերգ կանցկացվի

Արդեն ավելի քան կես դար է ամենահայտնի երաժիշտները կատարում են Բաբաջանյանի երգերը, դասական սիմֆոնիաները, քառյակները և ռապսոդիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 9-ին Կրեմլում ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգ տեղի կունենա՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց անվանի կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը։
ԿԲ–ն Առնո Բաբաջանյանին ու Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշադրամներ է թողարկել
«Միջոցառումը լինելու է մեծ ու պատասխանատու։ Կատարողները ռուսական էստրադայի առաջին էշելոնի ներկայացուցիչներն են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Բեդրոս Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը, Վիտասը և այլ երգիչներ», - ասաց Բաբաջանյանը։
Նա նշեց, որ իրենց ընտանիքի մտերիմ ընկեր Բեդրոս Կիրկորովը, չնայած իր տարիքին, ինքն է առաջարկել երգել համերգին։ Բանն այն է, որ նա մեծ կոմպոզիտորի հետ ծանոթացել է դեռ երիտասարդ տարիքում, երբ Առնո Բաբաջանյանն ու նրա կինը հանգստանում էին Բուլղարիայում։ Հենց Բաբաջանյաններն են օգնել նրան գալ Մոսկվա և սովորել։ Ավագը Կիրկորով կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը։
Բացի այդ, «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարները պատրաստել են երկու համար՝ «Նոր Երևան» ու «Գիշերային Մոսկվայով» երգերով։
Բաբաջանյանը 100 տարեկան է. Արամ Խաչատրյանը նրան ընտրյալ անվանեց, երբ Առնոն 6 տարեկան էր
Նվեր կլինի նաև հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Իգոր Կրուտոյի կողմից. նա կկատարի Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Համերգը կհեռարձակվի ռուսական Առաջին ալիքով։
Առնո Բաբաջանյանը ХХ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, դաշնակահար, մանկավարժ։
Ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում, դասախոսների ընտանիքում։ Արդեն ավելի քան կես դար է ամենահայտնի երաժիշտները կատարում են նրա երգերը, դասական սիմֆոնիաները, քառյակները և ռապսոդիաները աշխարհի ամենահայտնի համերգասրահներում։