Դումանյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախ առաքելություն ուղարկելու հարցը

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղմանը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը և շնորհակալություն հայտնել հարցին պատշաճ ուշադրություն դարձնելու համար:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ
Հիշեցնենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները (մոտ 4000 - խմբ.) ոչնչացման վտանգի տակ են: Ավելին, արդեն կան ադրբեջանցի զինվորականների կողմից հայկական տաճարների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման բազմաթիվ կոնկրետ փաստեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել է մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում:
ԵԽԽՎ -ն բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետևանքների վերաբերյալ
Նախարարը նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական։