Իրանը ցամաքային ուժերի զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին

Իրանցի գեներալը խոսել է զորավարժությունների մասին և ասել` որն է դրանց նպատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Իրանական բանակը ցամաքային ուժերի խոշոր զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, մասնավորապես` Ադրբեջանին սահմանակից տարածքներում: Տեղեկությունը հայտնում է Mehr գործակալությունը։
Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիումարս Հեյդարին հայտնել է, որ զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին: Զորավարժություններում կներգրավվեն զրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ:
Հեյդարիի խոսքով՝ այս տարածաշրջանում և երկրի այլ նահանգներում զորավարժություններն անցկացվում են մանրամասն պլանավորմանը համապատասխան և նախապես պատրաստված ծրագրի հիման վրա: Այդ զորավարժությունների նպատակն է փորձակել իրանական սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստականության մակարդակը։
Իսրայելը վնասում է այն երկրներին, որոնց հետ փորձում է համագործակցել. ՀՀ–ում Իրանի դեսպան
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել էր երեխայի պահվածքի հետ:
«Մեր անվտանգության համար կանենք ամեն ինչ». Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն էլ երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։