ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը հայտնի է «Նավակ ճոճող» մականվամբ, այսօր եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակ` աջակցելու ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին։
«Ես վստահ եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է։ Այլ հարց է, որ հիմա ընթանում են քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Վստահ եմ, որ նա որևէ կոռուպցիոն գործարքում ներգրավված չէ, քանի որ նա իմ հարազատն է, իմ ընկերն է», -ասաց Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում։
Լրագրողներից մեկի հարցին ինչ կարծիքի կարող է լինել Նիկոլ Փաշինյանը իր այս քայլի վերաբերյալ, Գաբրիելյանը «ուղղեց» լրագրողին` շեշտելով «վարչապետ» բառը։
«Նկատի ունեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ի՞նչ կարծիք պետք է ունենա։ Կա քննչական գործողություններ, թող ընթանան, դատարանը որոշի իր անելիքը»,- ասաց նա։
Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: