Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն հենված է երեք առաջնահերթությունների վրա. Փաշինյան

Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու զարգացումը, որը, նրա գնահատմամբ, կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն հենված է երեք առաջնահերթությունների վրա։ Այսօր կառավարության նիստում, ներկայացնելով 2022թ–ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տնտեսությունն աճել է 5 տոկոսով, գները` 5.7. ԱԺ–ում քննարկում են բյուջեի կատարման ընթացքը
«Առաջին` անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը` ենթակառուցվածքների զարգացում, երրորդը` կրթության և գիտության արդիականացում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու անվտանգությանը, առանց որի հնարավոր չէ իրագործել մնացած բոլոր ծրագրերը։
«Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»,– ասաց վարչապետը։
ԼՂ բյուջեի մուտքերը նվազել են 90 տոկոսով. արցախցիներին հերթական աջակցությունը տրամադրվեց
Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու զարգացումը, որը, նրա գնահատմամբ, կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ ու բարձրացնել ՀՀ գրավչությունը ներդրողների համար։
Վարչապետը նաև շեշտեց, որ հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը` նշելով, որ անհրաժեշտ է դուրս գալ «ամեն ինչ անելու ու ոչինչ չանելու տեղապտույտից»։
«Բյուջե-2022»-ը կառավարության կողմից հաստատվելուց հետո կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։