ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է Աբովյան փողոցում երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00։23-ին, Երևան քաղաքի 24-ամյա բնակիչն ընկերոջ հետ այցելել է Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող սրճարան։ Խնջույքի ընթացքում` ժամը 02։00-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը վեճի է բռնվել նույն սրճարանում գտնվող երկու երիտասարդների հետ: Վիճաբանության ընթացքում 24-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք բերված ատրճանակից մի քանի անգամ կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 24-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նույն օրը որոշվել է ձերբակալել նրան։ Նախաքննությունը շարունակվում է: