ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում դրական միտումներ կան։ Նա պատրաստվում է ամերիկացի գործընկերոջ` Ջո Բայդենի հետ հանդիպել հոկտեմբերի 30-31-ը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովում և նոյեմբերի 1-12-ը Գլազգոյում կայանալիք կլիմայական գագաթնաժողովում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենի հետ աշխատանքն այնքան էլ լավ չի սկսվել։
«Եթե ստացվի, Բայդենի հետ կհանդիպենք Հռոմում։ Այնտեղից ես կգնամ Գլազգո։ Ամենայն հավանականությամբ, նրա հետ կհանդիպեմ նաև այնտեղ։ Սա դրական միտում է», - Ռուսաստանից վերադառնալիս ասել Է Էրդողանը թուրք լրագրողներին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահի հետ քննարկել Սիրիայի իրադրությունը և ռազմական համագործակցությունը:
«Մենք 1,4 մլրդ դոլար ենք վճարել նորագույն F-35 կործանիչների համար (որոնց մատակարարումը ԱՄՆ–ն չեղարկեց, երբ Թուրքիայի ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնեց): Մենք այն երկիրը չենք, որը փողն աջուձախ է անում։ Թող մեզ տան ինքնաթիռները կամ վերադարձնեն փողը», - հավելել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29–ին Սոչիում բանակցություններ անցկացրին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 2 ժամ 45 րոպե տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել էին տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ, այդ թվում` Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։