ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը` հավելելով, որ բնակավայրը Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար է։
«Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասից, ընդհանուր` 160 առանձնատնով։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32 հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000քմ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այժմ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։ Նոր թաղամասի գլխավոր հատակագիծը մշակել է «ՎԵՄ» ՍՊԸ նախագծային կազմակերպությունը։ Իսկ կառուցապատման շինարարական աշխատանքները իրականացնում է «Միք Շին» ՍՊԸ–ն։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ էր անօթևան մնացել։ Արցախի տարբեր շրջաններում կառուցապատում է ընթանում անօթևաններին կացարանով ապահովելու համար։