Պուտինն ու Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցություններում երկուսով կխոսեն․ Պեսկով

Ռուսաստանի առաջնորդն Էրդողանի հետ բանակցություններով դե ֆակտո դուրս է գալիս երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցությունների ժամանակ նախ երկուսով կխոսեն, ապա աշխատանքային նախաճաշ կլինի։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շփումը նախատեսված է դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ։ Երկու նախագահները նախ բանակցություններ կվարեն, իսկ հետո կշարունակեն շփումն արդեն աշխատանքային նախաճաշի շուրջ», - ասել է նա լրագրողներին։
Պուտինն ու Էրդողանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրի. Պեսկով
ԶԼՄ-ների հարցին ի պատասխան Պեսկովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները Ղրիմի թեման չեն քննարկի:
«Ոչ, այդ թեման սովորաբար չի քննարկվում։ Ղրիմը թուրքական կողմի հետ քննարկելու բան չէ։ Բացի այն, որ նախագահը բազմիցս հրավիրել է պարոն Էրդողանին Ղրիմ՝ պարզապես տեսնելու, թե իրականում ինչ է այնտեղ», - ասել է նա։
Պուտինը, որը այսօր հանդիպում կունենա թուրք գործընկերոջ հետ, դե ֆակտո դուրս է գալիս ինքնամեկուսացման ռեժիմից։
«Ամենաբարդ հարցերը Կովկասին են վերաբերելու». փորձագետը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
ՌԴ նախագահը սեպտեմբերի 14-ին հայտնել է իր շրջապատում կորոնավիրուսային վարակով հիվանդացածների պատճառով որոշ ժամանակով ինքնամեկուսացվելու որոշման մասին: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ իր շրջապատում մի քանի տասնյակ մարդ է հիվանդացել։ Այդ ժամանակից նա բոլոր հանդիպումներն անցկացնում է առցանց ռեժիմով։ Ընդ որում՝ Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ կարանտինը նախագահի աշխատանքային գրաֆիկի վրա ոչ մի կերպ չի ազդում, ու պետության ղեկավարը սովորական կենսակերպ է վարում:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահն արդեն ժամանել է Սոչի։