Հայաստանը որևէ կերպ չի կարող իրեն թույլ տալ նստել ու ինչ–որ բանի սպասել, առավել ևս որ հարևան պետությունները գործում են` ըստ իրենց ուզածի փոխելով տարածաշրջանի գեոքաղաքական պատկերը, ընդհանուր քաղաքականությունն ու տնտեսությունը։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներն այսպես է վերլուծում քաղաքագետ-տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում։
Նրա դիտարկմամբ` մեր տարածաշրջանում հիմա առավել ակտիվ են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք շարունակում են հակահայկական վարքագիծը, հետևաբար Հայաստանն այս փուլում դադար վերցնելու իրավունք չունի։ Մեր երկիրը պետք է հավուր պատշաճի պատրաստվի նոր մարտահրավերներին` փորձելով լուծել որոշ խնդիրներ։
«Արտաքին համատեքստը Հայաստանում էականորեն ազդում է թե՛ քաղաքական, թե տնտեսական գործընթացների վրա, և եթե չենք կարողանում ժամանակին արձագանքել իրադարձություններին կամ անտեսում ենք տեղաշարժերը, ապա անխուսափելիորեն բախվում ենք հետևանքներին։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նույնիսկ չի կարողանում ինքնակազմակերպվել»,– նշեց քաղաքագետ–տնտեսագետը։
Միքայելյանի կարծիքով` հայկական օրակարգում ընդգրկված խաղաղության դարաշրջան բացելու թեզը կարող է առաջ տանել այն ուժը, որը կարող է դա ապահովել, քանզի եթե տարածաշրջանում պետություններից մեկն անգամ դեմ լինի այդ օրակարգին, ապա խնդիրը չի լուծվի։ Արդյո՞ք կարող է Նիկոլ Փաշինյանը ստիպել կամ պարտադրել Թուրքիային, որպեսզի ընդունի խաղաղության օրակարգը։
«Երբ կան պատերազմի միջոցով հարցերը լուծելու տարբերակի կողմնակից երկրներ և երբ շարունակվում է Ալիևի կոշտ հռետորաբանությունը, պարբերաբար անցկացվում են թուրք–ադրբեջանական զորավարժություններ, հնչում են հակահայկական հայտարարություններ, ապա Փաշինյանի խաղաղասիրական թեզը չի ընկալվում։ Նա կա՛մ իրեն է խաբում, կա՛մ ժողովրդին»,– ասաց Միքայելյանը։
Իսկ ինչ վերաբերում է ճանապարհների ու ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդրին, Միքայելյանն ընդգծեց, որ դրանք Հայաստանը չի փակել, և հիմա, երբ ադրբեջանցիները հայտարարում են, որ իրենց տարածքներն այլևս օկուպացված չեն, ապա ի՞նչն է խանգարում բացել ճանապարհները։
Մեր զրուցակիցը հարց է բարձրացնում` Հայաստանն արդյո՞ք պետք է դառնա թուրքական պրոյեկտի մաս, թե՞ գտնի այլընտրանքային տարբերակ, որովհետև առաջինի դեպքում Հայաստանն ուղղակի կվերածվի Թուրքիայի հաճախորդ պետության։
Միքայելյանի գնահատմամբ` այս պահին միջազգային ասպարեզում, որևէ երկում Հայաստանին ուղղակի չեն հասկանում, և մեզ մոտ էլ պարզ չէ, թե որքանով են մեր նպատակները համատեղվում այլ պետությունների նպատակների հետ։ Բացի դրանից, մեծ նախագծերում մեր կողմից, ըստ Միքայելյանի, բացակայում է սուվերեն մտածելակերպը։