ՌԱԴԻՈ

Մատակարարված զինամթերքի 70%–ն ի սկզբանե եղել է անորակ, և ՊՆ–ն այն չի ընդունել. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործին, որը քննվում է ԱԱԾ–ում։
Sputnik
2011 թվականին մատակարարող կազմակերպությունը ավիացիոն ռազմամթերքի մի խմբաքանակ է բերել և պետք է հանձներ ՊՆ–ին, խմբաքանակի շուրջ 30 տոկոսը ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները վարչության մասնագետների հետ ընդունել են, և ՊՆ–ն դրա համար վճարել է, իսկ ներմուծված խմբաքանակի 70 տոկոսը ՊՆ–ն չի ընդունել անորակության ու անսարքության պատճառով, Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Մատակարարող կազմակերպության ղեկավարության խնդրանքով, որքան հիշում եմ, ՊՆ–ն ի պահ է վերցրել զինամթերքն իր հրթիռահրետանային սպառազինության պահեստներում, որովհետև մատակարարող քաղաքացիական կազմակերպությունը չուներ այդ հնարավորությունը, և դա չի էլ թույլատրվում, ու քանի որ սպառազինությունն ուներ մեծ չափեր, նաև պայթունավտանգ–հրդեհավտանգ էր, ուստի ՊՆ–ն այն ի պահ էր վերցրել, մինչև այդ կազմակերպությունն արտոնագիր կստանար ոչնչացնելու կամ այլ երկիր տարանցիկ ճանապարհով փոխադրելու համար»,– նշեց նախկին նախարարը։
Դավիթ Տոնոյանին ձերբակալել են. «Հրապարակ»
Օհանյանը հավելեց, որ այդ ռազմամթերքը մատակարարվել է ՊՆ–ին ու մուտքագրվել 2018 թվականի վերջին և 2019 թվականի սկզբին, ուստի մնացած բոլոր հարցերը, ըստ նրա, պետք է տալ նախաքննական մարմնին և համապատասխան գերատեսչության ղեկավարությանը։
Ըստ նրա` ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածելով` պետք է նաև ասեր, թե երբ է սպառազինությունն ի պահ վերցվել և հետագայում երբ է մուտքագրվել։
Օհանյանի դիտարկմամբ` մատակարար կազմակերպությունը գուցե չի ունեցել սպառազինությունը ստուգող մասնագետներ, և լավ չէ, որ ՊՆ–ն իր հերթին հետագայում ընդունել և մուտքագրել է անորակ զինամթերքը։
Ժամկետանց հրթիռները գնվել են ՀՀ նոր կառավարության օրոք. պաշտպանության նախկին փոխնախարար
Հիշեցնենք` ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: