Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»

Դավիթ Տոնոյան. Արխիվային լուսանկար
Խուզարկություններ են ընթանում նաև ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը. գրում է «Հրապարակը»:
«Չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացել»․ Դավիթ Տոնոյանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին
Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Ըստ թերթի` զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։
Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: