Պետությունը բնական և ոչ բնական մենաշնորհային ծառայություններ մատուցող ընկերությունների պարագայում պետք է ունենա ազդեցության գործոնը փոխելու գործիքակազմ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Օրինակ՝ ներկայացվում է, որ ձեռք է բերվել 1000 մետր խողովակ, որը դիտարկվում է որպես ծախս, բայց պետությունը մոնիթորինգ չի անում, որպեսզի հասկանա, թե այդ 1000 մետր խողովակը հետագայում վերավաճառվե՞լ է արդյոք ինչ–որ շինարարական ընկերության, թե՞ ծառայել է նպատակին։ Պետությունը չի սահմանել, թե կոնկրետ ծառայություն մատուցելու պարագայում որքանն է համարվում թույլատրելի և որքանն է համարվում ճոխություն։
Պետությունը չունի գործիքակազմ, և ըստ էության նման առանցքային հարցում, այն է` ջրի սակագնի և համարժեք ծառայություններ մատուցելու հարցում մրցակցային վիճակ չունենք»,– նշեց Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Պիպոյանի կարծիքով` արդյունքում ունենում ենք այնպիսի օրինաչափ իրավիճակ, երբ տնտեսվարող սուբյեկտները սակագնային հայտը ներկայացնում են ավելի բարձր գնով, սպառողներին ենթարկում են սթրեսի և հետո, իբրև թե ծանր պայքարի արդյունքում, գինը թանկանում է ոչ այնքան, որքան ներկայացված էր հայտով, այլ մի քիչ նվազ չափով։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի դիտարկմամբ`Հայաստանի կառավարությունը կամա թե ակամա գնալու է խնայողությունների ճանապարհով, որովհետև որքան էլ խոսվի տնտեսական աճի մասին, դրան զուգահեռ ակնառու է զգալի գնաճը, հետևաբար եթե գնաճն ավելի բարձր է, քան տնտեսական աճը, ապա ունենալու ենք կյանքի պայմանների վատացում, և անխուսափելիորեն ի հայտ կգան սոցիալական խնդիրներ, որոնց բեռը պետության վրա է։
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսի սկզբին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը 180 դրամի փոխարեն սահմանել 224 դրամ։ Հավելենք, որ 2022 թվականի համար արդեն իսկ ջրի բազիսային գինը աճել է 34 դրամով՝ հասնելով 214 դրամի: