ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելը վնաս է հասցնում բոլոր այն երկրներին, որոնց հետ փորձում է համագործակցել։ Նման կարծիք հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով` Իսրայելը սադրիչ իրավիճակ է ստեղծում ցանկացած երկրում, որտեղ հաստատվում է, և Իրանը համոզված է այդ հարցում։
«Մեր խորհուրդը բոլոր երկրներին, հատկապես մեր հարևաններին` Իսրայելի հետ հարաբերություններում դա թող նկատի ունենան»,–ասաց դեսպանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել էր երեխայի պահվածքի հետ:
Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն էլ այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։