ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Տեղեկությունը տարածել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը միաժամանակ հիշեցնում է, որ անձը համարվում է լիարժեք պատվաստված, եթե ստացել է COVID-19-ի դեմ 2 դեղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետություն է ձևավորվում, եթե 2-րդ դեղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել ժամանակային առումով, և անձը վարակվի կորոնավիրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք ու մահանա:
ԱՆ–ն հորդորում է չստուգված տեղեկություն չտարածել:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408 535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264 695, երկրորդ դեղաչափ` 143 840։ Նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։