Օրինակ` հայտարարում է, որ չի ճանաչում Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ղրիմի տարածքում այն պարզ պատճառով, որ այդ թերակղզին, Անկարայի կարծիքով, Ռուսաստանինը չէ։ Արձագանքը դեռ մեղմ է, քանզի նախ երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը հասել է ֆանտաստիկ թվի՝ 20 միլիարդ դոլարի և երկրորդ՝ Թուրքիան ոչ միայն գնել է հակաօդային պաշտպանության ռուսաստանյան արտադրության կայանքները, ինչն առաջացրել է Միացյալ Նահանգների զայրույթը, այլև, կարծես ամերիկացիներին էլ ավելի գրգռելու համար, օրերս հենց Ամերիկայում՝ Նյու Յորքում, հայտարարել է՝ երկրորդ խմբաքանակն էլ կգնենք։
Համաձայնեք` նման բան դեռ մի 10 տարի առաջ ոչ թե դժվար, այլ պարզապես անհնար էր պատկերացնել. ՆԱՏՕ-ի անդամներից մեկը, արհամարհելով այդ կազմակերպության մյուս անդամների կամքը, հակաօդային կայանքներ է գնում։ Եվ ումի՞ց է գնում՝ ՆԱՏՕ-ի ամենամեծ հակառակորդ Ռուսաստանից։ Եվ բոլորը ստիպված ենհանդուրժելուհամակերպվել՝բաինչանեն։ Եթե վանես անհնազանդին, այլ գործընկերներ կփնտրի ու հաստատ կգտնի։
Իրոք, շատ լավ մտածված քաղաքականություն, որի օգտակարության մասին Հայաստանում սկսեցին խոսել դեռ այն ժամանակ, երբ անկախ էլ չէինք, և որի էությունը սովորաբար ներկայացվում է որպես անգլիական դիվանագիտության անկյունաքար՝ մենք չունենքհավերժթշնամիներև հավերժ բարեկամներ, հավերժըմերշահերնեն։ Թուրքերը պարզապես զարգացրին այս թեզը՝ փորձեք դիպչել մեր շահերին և անմիջապես կզգաք, որ դուք այլևս մեր բարեկամը չեք, մենք հիմա ունենք բոլորովին այլ բարեկամ, որը անվերապահորեն հաշվի է նստում մեր հավերժ շահերի հետ։
Սակայն հարկ է ընդունել, որ Թուրքիան երբեք էլ ձեռքերը ծալած չի նստել ու սպասել նոր բարեկամի հայտնվելուն, ինքն է կերտել այդբարեկամներին։ Եվ այդ գործընթացը մեծ թափ է ստացել հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Թուրքիան սկսեց այսպես ասած «հարազատների հավաքագրումը»՝ գայթակղելով նրանց շատ կոնկրետ առավելություններով։
Ադրբեջանի մասին հերթական անգամ մանրամասն չեմ ուզում խոսել, քանզի հենց ջախջախիչ պարտությունը Արցախյան առաջին մեծ պատերազմում նպաստեց, որ շատ շուտով Բաքուն հայտնվեց Անկարայի գրկում՝ բա էլ ո՞ւմ պիտի ապավիներ, եթե հույս ուներ հետ բերելու կորցրած տարածքները։ Բայց Թուրքիան սկսեց շատ ինտենսիվորեն և արդյունավետ աշխատել ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Եվ ամենագլխավորն այն է, որ այդ աշխատանքը հեռանկարային էր, երկարաժամկետ։
Օրինակ` այսօր ես վճարում եմ այսինչ երկրի երիտասարդի ուսման վարձը և հնարավորություն եմ տալիս նրան սովորելու Թուրքիայի և այլ երկրների ամենաառաջատար համալսարաններում, վաղը այդ թուրքամետ ուսանողը, դառնալով իր երկրի վերնախավի մասը, արդեն կամավոր, այլ ոչ թե պարտադրանքով սկսում է առաջ տանել Թուրքիայի հավերժ շահերը։
Եվ թուրքական դրամաշնորհների հաշվին ուսանած այդ սերունդը հենց հիմա մտնում է մեծ կյանք, հասարակական կարծիք է ձևավորում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն կրթաթոշակների և ոչ միայն թուրքալեզու երկրների մասին է։ Վրացական Աջարիայի տարածքում թուրքերն այնքան ներդրում են իրականացրել, որ հիմա, տարբեր մեկնաբանների վկայությամբ, Աջարիայի բնակիչները թուրքերից շատ ավելի գոհ են, քան Թբիլիսիում նստած վրացի պաշտոնյաներից։
Էլ չեմ ասում Կենտրոնական Ասիայի մասին։ Ղազախստանում, օրինակ, որը միշտ կողմնորոշվել է դեպի Չինաստան, Ռուսաստան, Եվրամիություն և Միացյալ նահանգներ, սկզբում շատ մեծ վերապահումներով էին վերաբերվում թուրքական ազդեցության տարածմանը։ Սակայն թուրքերը համառորեն շարունակում էին, այսպես ասած, «ղազախական սողացող ներթափանցումը», և այդպես աննկատ մի օր հանկարծ պարզվեց, որ Անկարան Ղազախստանի հինգերորդ առևտրային գործընկերն է։
Ահա այսպես Թուրքիան կամաց-կամաց, քայլ առ քայլ, մտածված ծրագրով մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանի երկրներում։ Եվ նույնիսկ անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինային, ինչը Ռուսաստանին, մեղմ ասած, այնքան էլ դուր չի գալիս։ Դե ինչ, կարևորը` անգլիական կարգախոսն է աշխատում՝ կան միայն հավերժ շահեր, մնացածը գեղեցիկ հեքիաթներ են։