ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայացուցիչները գործնական խաղի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար առաջարկություններ կմշակեն Կենտրոնական Ասիայի իրադրության կարգավորման վերաբերյալ՝ հաշվի առնելով Աֆղանստանի իրադրությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նա նշել է, որ սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 2-ը ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի բազայի վրա փակ տեսակոնֆերանսի հնարավորությունների օգտագործմամբ անցկացվում է ՀԱՊԿ-ի քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և կազմակերպության անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների օպերատիվ խմբերի համատեղ գործնական խաղը:
Զայնետդինովի խոսքով՝ առաջին փուլում խորհրդակցություններ են անցկացվում ՀԱՊԿ անդամ երկրների հետ և համաձայնեցվում են քաղաքական-դիվանագիտական բնույթի միջոցառումները։
«Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության սրման դեպքում նախատեսվում է համատեղ գործնական խաղի երկրորդ փուլ անցկացել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ մշակելու ուղղությամբ»,– նշել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբները («Թալիբան» ահաբեկչական շարժումն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ակտիվացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի 15-ին նրանք մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Հաջորդ օրը հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորեց Մոհամմադ Հասան Ախունդը, նա «Թալիբանի» առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Էր արտգործնախարարի պաշտոնը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: