ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի իրանցի վարորդների կողմից բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով իրականացվեն հարմարավետ ու առանց հավելյալ խնդիրների։
Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Ունենք փաստացի ստեղծված իրավիճակ ՀՀ տարածքում։ Այդ իրավիճակից բխող գործողություններ կառավարությունը ձեռնարկել և ձեռնարկում է»,– ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նաև հայտարարեց, որ ի պատասխան Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանի տեղադրած մաքսակետի՝ Հայաստանը մաքսակետ տեղադրելու կարիք չունի։
«Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով։ Այսինքն` մենք կարիք չունենք որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: 2 վարորդ էլ ձերբակալվել է։