ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի- Sputnik. Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։ Տեղեկությունը Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Վստահաբար կարող եմ ասել, որ կլինեն նաև այլ խաղացողներ, որոնք կտեղափոխվեն Իսպանիայի առաջնություն։ Եվս մեկ ֆուտբոլիստ կար Հայաստանի հավաքականից, որը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։ Նրա անունը հայտնել չեմ կարող»,- ասել է Կապառոսը։
Նա հավելել է, որ որքան լավ խաղա հավաքականը, այդքան ավելի հեշտ կլինի ֆուտբոլիստների ճանապարհը դեպի Լա լիգա։
Գլխավոր մարզիչը նաև նշեց, որ իր համար մեծ հաճույք է հայ ֆուտբոլիստների հետ աշխատելը, որովհետև նրանք ունեն մրցունակ ոգի և ցանկանում են ամեն ինչ անել իրենց թիմի համար։
«Հնարավոր է այլ հավաքականներ մեզ հաղթում են քանակով և որակով, բայց ամենակարևորը մեր ֆուտբոլիստների ոգին է, մենք դրանով հաղթում ենք բոլորին»,-ասաց Կապառոսը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին պարզ դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է Լա Լիգան ներկայացնող իսպանական «Կադիս»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։