ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը` հավելելով, որ այսօր փոխվարչապետն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել, ամսի 11-ից նրանք ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։
«Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին
© Photo : official site of the Government of RA
Փոխվարչապետը հայտնել է նաև, որ մեկնարկել է Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Փոխվարչապետը նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ:
Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձր մակարդակի փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն տնտեսական ասպարեզում փոխգործակցության խորացմանը։
Այդ համատեքստում դիտարկվել է ԵԱՏՄ շուկայի ներուժի օգտագործումն ու ընդգծվել է «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ որպես հուսալի, անվտանգ տարանցիկ ուղի դրանում ներգրավված բոլոր երկրների համար:
Հայաստանում Իրանի դեսպանը վկայակոչել է վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և համագործակցության աճող դինամիկան:
Փոխվարչապետն էլ արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ:
Պապիկյանը գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետևողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտնել էր, թե Իրանը հույս ունի, որ ադրբեջանական ոստիկանների կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն։