ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պատգամավորը։
Մանուկյանը հարցաքննվել է օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում: Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, Մանուկյանը չի ընդունում։ Պատգամավորը պնդում է, որ օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցածը ոչ թե ծեծ կամ բռնություն էր, այլ՝ կազմակերպված խուլիգանություն։
«Քննիչին նորից բացատրություն եմ, տվել, որ իրականում մեկ մասնավոր անձի հետ կապված դեպք չէ, դա բռնություն չէ, ծեծ չէ, այլ կազմակերպված խուլիագանություն էր ԱԺ-ում քաղաքական մեծամասնության կողմից, որի կազմակերպիչը և սադրիչը հողատու և դավաճան Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա։
Նրա խոսքով` ՀՔԾ-ն փորձում է ծածկադմփոց անել և «լղոզել» քրեական գործը։ Մանուկյանը հույս չունի, թե քննչական մարմինը քրեական գործ կհարուցի խուլիգանության հոդվածով, առավել ևս՝ պատասխանատվության կկանչի Նիկոլ Փաշինյանին։
«Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն վերջին 3 տարիներին ոչ թե ծառայել է օրենքին, այլ ծառայել է մեկ մարդու` վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, դրա համար այդ կառույցը շարունակում է գործել անօրինականության դաշտում»,- նշեց պատգամավորը։
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին օգոստոսի 25–ին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)։
Հիշեցնենք, որ 25–ին ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։