ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ այցի հիմնական թեման կլինի «հարևանության խաղաղ նախաձեռնությունը»:
Բացի այդ, Վրաստանի վարչապետի խոսքով, նա մոտ ժամանակներս պատրաստվում է մեկնել Երևան, որտեղ նույն հարցը քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ընթացքում Վրաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար: Նա առաջարկում է Թբիլիսիում հարթակ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներ ապահովելու համար: