ՌԱԴԻՈ

Փոքր կայծից կարող է մեծ կրակ բռնկվել. իրանցի քաղաքագետը` Ալիևի հայտարարությունների մասին

Փույա Հոսսեինին Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանա–ադրբեջանական լարվածությանը, այս օրերին անցկացվող զորավարժություններին։
Sputnik
Վերջերս Իրանի և Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների ելույթներում նկատվում է իրանա–ադրբեջանական հարաբերությունների որոշակի լարվածություն, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունից հետո կարող է ավելի խորանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին։
Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժություններին և նշել` իրենք ցանկանում են, որ տարածաշրջանում չստեղծվի այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը, մտահոգություն էր հայտնել, թե ինչու են այդ զորավարժությունները հիմա անցկացվում։
«Երկու կողմն էլ պետք է թուլացնեն այդ լարվածությունը, որովհետև եթե այն շարունակվի, շատ վտանգավոր իրավիճակ կարող է ստացվել, և ամեն փոքր կայծից կարող է մեծ կրակ բռնկվել»,- ասաց նա։
Իրանցի վարորդներին կալանավորելով՝ Ադրբեջանը հավանաբար կուլ է տվել հայկական խայծը
Քաղաքագետի խոսքով` այս զորավարժություններով Իրանն ուզում է ցույց տալ, որ սահմանին ամեն ինչ վերահսկում է, և Ադրբեջանի ցանկացած անխոհեմ քայլ կարող է համարժեք պատասխան ստանալ։ Բացի այդ, արցախյան պատերազմից հետո Իրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Հոսսեինին նշեց, որ իրանական կողմը մտահոգված է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համատեղ զորավարժություններով, այդ թվում՝ Կասպից ծովում: Հասկանալի է, որ պետք է ինչ–որ կերպ արձագանքեր։

«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան համատեղ զորավարժությունները Իրանի սահմանին, իրանական բեռնատարների վարորդների համար ստեղծված խոչընդոտները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, իրանցի վարորդների ձերբակալությունը իրավիճակը սրեցին, և հիմա Իրանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին»,- նշեց նա։

Ըստ Հոսսեինիի` Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել նաև Սյունիքի սահմանների և դրանով անցնող «միջանցքի» մասին։ Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չէ Իրանի համար, քանի որ այն ուղիղ հարվածում է իրանական շահերին և Իրանի համար հանդիսանում է կարմիր գիծ է։ Հիշեցնենք, որ այս օրերին Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են իրականացնում Արաքս գետի հովտում:
Իրանի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է