Պատրաստվում էի գերիների հարցը բարձրացնել. Գևորգյանին դատարանը 2 անգամ մերժել է ԵԽԽՎ գնալ

Արմեն Գևորգյանը 2 անգամ դիմել է դատարան, որպեսզի իրեն թույլատրեն մի քանի օրով մեկնել Ստարսբուրգ, սակայն նրա դիմումները մերժել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը պատրաստվում էր ԵԽԽՎ–ում գերիների հարցը բարձրացնել, սակայն դատարանը նրան չի թույլատրել երկրից մեկնել։ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` հավելելով, որ 2 դիմում է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա
«Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն իր աշխատանքներն է սկսել, և օրակարգում կան հարցեր, որոնք նաև ՀՀ-ին են վերաբերվում։ Որպես պատվիրակության հիմնական անդամ` ուզում էի մեկնել մասնակցելու աշխատանքներին։ 2 դիմում ներկայացրի, և երկուսն էլ մերժեցին` բերելով այն պատճառաբանությունը, որ սեպտեմբերի 28-ին դատական նիստն և իմ ներկայությունը պարտադիր է»,–ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի հնարավորություն կար, որի ժամանակ էլ պատրաստվում էր բարձրացնել գերիների հարցը։ Մասնավորապես, Գևորգյանը պետք է հետաքրքրվեր, թե ի՞նչ է անում կամ անելու ԵԽԽՎ–ն, որպեսզի գերիները հայրենիք վերադառնան։
Գևորգյանը հավելեց, որ դատարանի պահվածքի առնչությամբ շուտով հայտարարություն կտարածեն։
ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կայցելի Բաքու. զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ։ Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 47 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3։ Հիմնական կետերը վերաբերում են զոհվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին, ռազմական հանցագործություններին, տեղահանված անձանց, սահմանային լարվածությանը, մշակութային ժառանգությանը։
ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՄԻՊ Արման Թաթոյանի` ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը։