ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին շատ կոշտ արձագանք է տվել իրանական բանակի զորավարժությունների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
Ֆադավին պարսկալեզու «Ռոկնա» հրատարակությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը համեմատել է երեխայի վարքագծի հետ:
«Երբ փոքր երեխան վիրավորում և հայհոյում է ձեզ, դուք պարզապես շոյում եք նրա գլուխը», - ասել է զինվորականը:
Ֆադավին Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ` նշելով, որ դրանք որևէ իմաստ չունեն, ուստի «անհեթեթություններին պատասխանելու կարիք չկա»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում վրդովմունք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանի մոտ անցկացվող իրանական զորավարժությունների առնչությամբ ՝ հարցադրում անելով, թե ինչու այդ զորավարժությունները նախկինում տեղի չէին ունենում, երբ սահմանի այն կողմում հայեր էին ապրում։