ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ–ն` ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ֆուտբոլիստի փոքրիկ տեսաուղերձը։
Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում:
«Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Գիտեի հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չեմ ունեցել: Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշում ընդունել»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում ասել է Սելարայանը։
Նրա խոսքով` սեպտեմբերին ընտանիքի հետ քննարկելուց հետո նման որոշման է եկել։
Սելարայանը նշել է, որ տեղյակ է՝ թիմը լուրջ խնդիրներ է դնում իր առջև, և ինքն էլ պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի միասին կարողանան հասնել իրենց նպատակներին։
Հիշեցնենք, որ Լուկաս Սելարայանը հարձակողական ոճի կիսապաշտպան է։ Նա ծնվել է 1992 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Նա կարիերայում առաջին քայլերն է արել է արել «Բելգրանո» ակումբում: