ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզի Ելիսեյան պալատում հանդես են եկել սպառազինությունների ձեռքբերման ու փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրման մասին համատեղ հայտարարությամբ։
Ինչպես հայտնում է հունական Greek City Times պարբերականը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանագրի ստորագրումը բնութագրել է որպես վերջին 18 ամիսների ինտենսիվ համագործակցության գագաթնակետ։
Հունաստանի վարչապետը պայմանագրի ստորագրման օրն անվանել է «պատմական օր Հունաստանի և Ֆրանսիայի համար»:
«Երկու երկրներն արդեն զարգացրել են ամուր հարաբերություններ, որոնք դուրս են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններից»,– ասել է Կիրիակոս Միցոտակիսը:
Հունաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ավելի վաղ հայտարարված ֆրանսիական արտադրության 24 Rafale կործանիչներից բացի Հունաստանն այսօր ռազմածովային ուժերի համար երեք նոր ֆրեգատ է գնել Ֆրանսիայից ու պայմանավորվածություն ձեռք բերել ևս 1-ը ձեռք բերելու վերաբերյալ։ Թե որքան է վճարել Հունաստանը նշված սպառազինության դիմաց, հունական մամուլը չի հայտնում։
Նշենք, սակայն, որ ավելի վաղ` սպառազինությունների գնման առաջին փուլում հայտարարվել էր, որ 6 միավոր նոր և 12 միավոր օգտագործված Rafale կործանիչների գնման համար Հունաստանը Ֆրանսիային վճարել էր 2,5 միլիարդ եվրո։
Հիշեցնենք` Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը 2020 թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել էր Ֆրանսիայից Rafale կործանիչներ գնելու ու Mirage-2000 կործանիչները դրանցով փոխարինելու մասին։
Նրա խոսքով, Հունաստանը գնելու է նաև4 ֆրեգատ, նավատորմի համար 4 ուղղաթիռ, ևս 4 ֆրեգատ էլ վերանորոգվելու են։ Այս հայտարարությունը հունական կողմն արել էր Միջերկրական ծովում ծավալված թուրք-հունական կոնֆլիկտի ֆոնին, որտեղ Ֆրանսիան բացահայտ աջակցություն էր հայտնել Հունաստանին։ Կոնֆլիկտի պատճառը Կրետե կղզուց Կիպրոս ընկած ստորջրյա տարածքում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է։ Թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան պնդում են, որ այդ իրավունք պատկանում է իրենց։