ՌԱԴԻՈ

Երևանը կարող է օգուտ քաղել Ալիևի հերթական հոխորտանքից. Բալասանյան

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Հայաստանը կարող է Ալիևի հայտարարությունը հօգուտ իրեն օգտագործել։
Sputnik
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` առաջին հայացքից խաղաղասիրական թվացող հայտարարությունն իրականում շանտաժ և սպառնալիք է՝ ուղղված Հայաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա համար հասկանալի չէ, թե ինչպես է Ալիևը պատրաստվում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` կասկածի տակ դնելով Մինսկի խմբի մանդատը։
Մի հանգամանք չէին կանխատեսել. Ադրբեջանին օգնելով հաղթել`Թուրքիան ինքն իրեն վատություն արեց
«Չմոռանանք, որ Մինսկի խումբը ստեղծվել է հենց Արցախի կարգավիճակի քննարկման և խաղաղ լուծման համար։ Չմոռանանք Մադրիդյան 3 համահավասար սկզբունքները` ազգերի ինքնորոշումը, տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի սպառնալիքի կիրառման բացառում։ Այս դեպքում Ադրբեջանը խաչ է քաշում Մադրիդյան սկզբունքների վրա, կասկածի տակ է դնում Մինսկի խմբի մանդատը»,- ասաց նա։
Բալասանյանի կարծիքով` եթե պաշտոնական Երևանը կարողանա Ալիևի հերթական հոխորտանքին համարժեք պատասխանել, հրավիրել Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը նրա հայտարարության վրա Մինսկի խմբի մանդատը կասկածի տակ դնելու տեսանկյունից, ապա ապագայում բանակցային գործընթացում Հայաստանը կարող է հանդես գալ շահեկան դիրքերից։
«Մեր անվտանգության համար կանենք ամեն ինչ». Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
Հիշեցնենք, որ «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիան, ԱՄՆ–ը և Ռուսաստանը) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը չի առարկի։
Ալիևը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նրա մեկնաբանմամբ, ինքն այդ առաջարկն արել էր տարիներ շարունակ, այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», և թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը: