Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը

Կրակոցների վայրում հայտնաբերված մեքենան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ այս գիշեր տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է, 29 տարեկան:

«Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու կասկածանքով»,– տեղեկացնում է ՔԿ–ն:

Կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, իսկ վերջինիս կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը 27-ամյա Դիանա Դարբինյանն է` Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկը։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դարբինյանի ամուսինն է, որն աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն։