ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի` ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ։ Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 47 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3։ Հիմնական կետերը վերաբերում են զոհվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին, ռազմական հանցագործություններին, տեղահանված անձանց, սահմանային լարվածությանը, մշակութային ժառանգությանը։
«Ընդունված բանաձևում երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ։ Ինչպես նաև կոչ է արվում ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ»,–Facebook-ի իր էջում գրել է Թաթոյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության գոտի:
Թաթոյանը նշում է, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան, առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։