ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Չինացի գիտնականները հայտնաբերել են երկու մարդկային գանգերի բրածոներ, որոնցից մեկը 32 հազար տարեկան է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Սինհուա» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բրածոները հայտնաբերվել են Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի քարանձավներից մեկում: Նշվում է, որ հայտնաբերված գանգը ժամանակակից մարդկանց մնացորդների ամենավաղ հայտնի նմուշն է:
«Մարդաբաններն ասացին, որ քարանձավում հայտնաբերված մարդկային գանգի երկու բրածոները համապատասխանաբար 32,000 և 12,000 տարեկան են», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հենան նահանգի մշակութային ժառանգության և հնագիտության ինստիտուտի ղեկավար Լյու Հայվանն ասել է, որ նոր գտածոները մեծ նշանակություն ունեն Չինաստանում ժամանակակից մարդու ծագման և զարգացման ուսումնասիրության մեջ:
Բացի գանգի բրածոներից, հնագետները հայտնաբերել են ձիերի, այծերի, արջերի, եղջերուների, վայրի խոզերի և գայլերի ոսկորների ավելի քան 10 հազար բեկորներ, որոնք մոտավորապես 30 հազարից 40 հազար տարեկան են: Քարանձավում գիտնականները գտել են նաև քարե գործիքներ, որոնց թվում եղել են քերիչներ: