ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ի՞նչն է պատճառը, որ արդեն 5–րդ անգամ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը չի ընտրվում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Լրագրողների այս հարցից ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ զարմացավ, այնուհետև խոստացավ հատուկ աշխատանք տանել, որպեսզի լրագրողներն ամբողջ ծավալով պատկերացնեն Ղազինյանի հակասական տեսակետները ոչ միայն որպես իրավաբան, այլև առաջին քայլերն արած քաղաքական գործիչ։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանը Ղազինյանին չներեց վարչապետի ուղղությամբ շիշ նետելու համար, Քոչարյանը կտրուկ պատասխանեց։
«Շիշ նետելը լավ բան չէ, իսկ Եռաբլուրի մասին սխալ արտահայտությունները։ Եռաբլուրում երկրի ղեկավարի ծնկի գալը Ղազինյանի կողմից դիտվեց որպես մարդասպանի այց։ Դա նորմա՞լ է։ Շշի նետման փորձին մոտենում եմ հումորով. անհաջող նռնականետման փորձ, չհանձնած "զաչոտ"։ Փաստորեն, նախկին ՊՆ ղեկավարի գլխավորությամբ իրականացրին նռնականետման ստուգարքներ, որից շատերը կտրվեցին»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին, 13-ին և 22-ին։