ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Եռաբլուր այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նրանք հարգանքի տուրք մատուցեցին` ծաղիկներ խոնարհելով զոհվածների շիրիմներին։
«Ուզում եմ ուղղակի ցավակցել և խոնարհվում եմ բոլոր տղաների շիրիմների առաջ։ Ունենք ընկերներ, զինվորներ, իմ անմիջական ենթակաները։ Ամեն ինչ անելու ենք, որ միջավայրը նմանվի պանթեոնի, ոչ թե գերեզմանի։ Մենք պետք է այստեղ գանք ու նրանց հետ ժամանակ անցկացնենք և նրանց զոհված չհամարենք»,–ասաց նախարարը` այլ հարցերի չպատասխանելով։
Նշենք, որ զոհվածների հարազատներից ոմանք նրան էին մոտենում և ինչ–ինչ հարցերով դիմում, իսկ նախարարը վստահեցնում էր. «Կկազմակերպենք»։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: