ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սուրճի հատիկները մինչև 2000 ակտիվ նյութեր են պարունակում։ Դրանց թվում մեծ տեղ են զբաղեցնում պոլիֆենոլները, որոնք օժտված են հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակաքաղցկեղային հատկություններով։ Բժիշկ–ուռուցքաբան Իվան Կարասևը Instagram–ի իր էջում գրել է, որ սուրճն այդ առումով առաջատար է և քառակի գերազանցում է կանաչ թեյին։
Կարասևը պարզաբանել է, որ ֆենոլները սուրճից հեշտությամբ դուրս են բերվում տաք ջրի օգնությամբ, ընդ որում` որքան ջերմաստիճանը բարձր է, այնքան լավ։ Բայց բարձր ջերմաստիճանի դեպքում ֆենոլների մի մասը քայքայվում է, քանի որ դրանք ոչ կայուն միացություններ են։ Այդ պատճառով սուրճը չի կարելի եռացնել, պետք է կրակի վրայից վերցնել եռալուց անմիջապես առաջ։
Սուրճը ոչ միայն ուժեղ հակաօքսիդանտ է, այլև հակականցերոգեն և հակամուտագեն։
Բժիշկը թվարկել է սուրճի օգտակար հատկությունները։ Այս ըմպելիքն օգնում է ազատվել ավելորդ քաշից, բարձրացնում է սեռական հորմոնները կապող գլոբուլինի պլազմային մակարդակը, օժտված է արևապաշտպան հատկություններով, արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, օգնում է քայքայել մաշկի տարբեր քաղցկեղների բջիջները բազալ բջջային կարցինոմայի, ոչ մելանոմային մաշկի քաղցկեղի դեպքում, հակաքաղցկեղային ազդեցություն ունի (մինչև 30- 40%) հաստաղիքի և լյարդի քաղցկեղի դեպքում, նվազեցնում է լեղաթթուների արտազատումները, ուժեղացնում է աղիների մոտորիկան։
Ուռուցքաբանը հիշեցրել է, որ սուրճն օգտակար է խելամիտ քանակով խմելու դեպքում։ Իսկ թույլատրելի առավելագույն ջերմաստիճանը համարվում է 65 աստիճանը։