ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի համադրումը ցույց է տվել, որ արդյունքում S-սպիտակուցի դեմ հակամարմինների բարձր աճ է գրանցվում։ Տեղեկությունը հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը:
«Միջանկյալ վերլուծության արդյունքների համաձայն՝ կամավորների 85 տոկոսի մոտ նկատվել է SARS-CoV-2 վիրուսի փշանման սպիտակուցի (S-սպիտակուցի) չեզոքացնող հակամարմինների քառապատիկ ու ավելի մեծ աճ։ Արդյունքները գրանցվել են հետազոտության 57-րդ օրը», - նշում են հիմնադրամում:
Տվյալները հիմնված են առաջին 20 մասնակիցների հետազոտության արդյունքների վրա։ Նրանք ստացել են համադրության երկու բաղադրիչները: Որպես առաջին բաղադրիչ` օգտագործվել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը, որպես երկրորդ բաղադրիչ՝ «Սպուտնիկ Լայթը» (29 օր դադարից հետո):
Հետազոտությունը, որին այսօր 100 կամավոր է մասնակցում, մեկնարկել է 2021 թվականի փետրվարին Ադրբեջանում:
Բացի այդ, պատվաստանյութերի համադրության գլոբալ ծրագրի շրջանակում կլինիկական հետազոտություն է իրականացվում Արաբական Միացյալ Էմիրություններում ու Ռուսաստանում: Կարգավորիչները թույլ են տվել հետազոտություններ անցկացնել նաև Բելառուսում։
«Պատվաստանյութերի կոկտեյլն» առաջին անգամ կիրառվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի հիմքով։ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն աշխարհում առաջինն է հանդես եկել արտասահմանյան պատրաստուկների հետ «Սպուտնիկ V» առաջին բաղադրիչի համատեղ հետազոտությունների նախաձեռնությամբ:
2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը, Գամալեայի անվան կենտրոնը, «Ռ-Ֆարմ» ընկերությունների խումբը և «AstraZeneca» ընկերությունը համագործակցության հուշագիր էին ստորագրել «AstraZeneca» պատվաստանյութի և "Սպուտնիկ V" պատվաստանյութի առաջին բաղադրիչի անվտանգության և իմունոգենության համատեղ կլինիկական հետազոտություններ անցկացնելու համար: