44-օրյա պատերազմը չկարողացավ հաղթել ծանր վիրավորված, 24-ամյա գյումրեցի արվեստագետ Բեն Պողոսյանին։ Նա կյանք է վերադարձել նոր գույներով ու անհատական ցուցահանդեսով։ «Վերադարձ» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված գործերը, որպես խորհրդանիշ, 44–ն են։ Բենը անցել է դժոխքի միջով, բայց իր գործերում պատերազմը մռայլ գույներով չի պատկերել։ Մահը մոտիկից տեսնելուց հետո կյանքը նրա համար ներկայացել է նոր իմաստով, ու ծնվել են Բենի «Բենցեր», «Խորհրդաբանություն», «Խելահեղ կատակերգություն», «Արհավիրք» շարքերը։
«Պատերազմի մասին խոսող որևէ բան չեմ ուզել քանդակել: Չեմ ուզել ապրումներս ներկայացնել իմ գործերում», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բենը:
Բեն Պողոսյանի ցուցադրության բացումը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նա Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի քանդակագործության բաժինն ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության է մեկնել Արցախ: Ծանր վիրավորվել է Թալիշի պաշտպանական մարտերում հոկտեմբերի 2-ին: Ոտքի բեկորային բազմաթիվ վնասվածքներ, այրվածքներ, լսողության խնդիրներ. ոչինչ չի հիասթափեցրել երիտասարդին:
«Պատերազմից հետո արվեստն ու իմ կեսին գտնելը դարձան նոր վերադարձ դեպի կյանք»,- ասում է Բենը։
Բեն Պողոսյանի ստեղծագործությունները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նա այրվածքաբանական հիվանդանոցում արդեն գտել է իր կյանքի կեսին, որը որպես բուժքույր կամավորություն է արել հիվանդանոցում:
«Պետք է ապրենք, արարենք, ամուսնանանք ու հիշենք մեզ համար իրենց կյանքը զոհած մեր ընկերներին»,- խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր պատերազմից հետո դեռ չեն կարողանում վերագտնել իրենց:
Բեն Պողոսյանի ստեղծագործությունները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բենը 9 բարդ վիրահատություն է տարել, բայց դեռ նորերն են սպասվում: Նրա հայրը՝ արվեստագետ Սամվել Պողոսյանը, վստահ է՝ այն ուժը, որ մահը տեսած իր որդուն ստիպեց նորից արարել, կստիպի մեկ տարի անց ավելի վառ ու նորովի ներկայանալ։
Երիտասարդ արվեստագետը շարունակելու է ստեղծագործել, բայց միայն վառ գույներով, իսկ դրան զուգահեռ արդեն մտածում է ապագան սիրած աղջկա հետ կապելու մասին:
Բենի «Վերադարձը» ներկայացված է նորաբաց ԲԵՆԱՐԹ ցուցասրահում: