Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել նրանք

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:
Արցախյան պատերազմի առաջին տարելիցին Բաքուն դիմել է Երևանին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: