ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Երևանի Հանրապետության հրապարակում, Պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերի մոտ, ներկայացվել է Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները:
Ինչպես հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը, պուրակն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը խորհրդանշելու է բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը:
Հանրապետության հրապարակում ժամանակավորապես տեղակայված, հայոց դրոշներով պարուրված և Պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերն առաջիկայում կտեղափոխվեն Բուսաբանական այգի։
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված իր ուղերձում վարչապետը նշել էր, որ դա չի լինելու հուշակոթող, այլ լինելու է կենաց պուրակ։
Փաշինյանին ներկայացրել են բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծը
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: