ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմում և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: Այս մասին գրված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և գործընկերների հետ միասին կշարունակեն մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: