ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորելու պատրաստակամությունը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»։
Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև անկեղծ վշտակցություն ու զորակցություն է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է նահատակների հիշատակը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: