ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Facebook–ում։
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին»,– նշված է հայտարարության մեջ։
Պատվիրակությունը վստահեցրել է, որ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»,– նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: