Ամոթ Ալիևին. Վաշինգտոնում հայ համայնքն Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա է արել

Հայ համայնքը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում հայ համայնքն Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա է արել և պահանջել, որ արդարությունը վերականգնվի հայ և արցախցի ժողովուրդների համար։ ANCA-ն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով բողոքի ակցիայի մանրամասները։
Մասնավորապես հայ համայնքը պահանջել է ազատ արձակել ավելի քան 200 գերիներին և պատերազմի ընթացում կատարած ռազմական հանցագործությունների համար սանկցիաներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։
«Մեկ տարի առաջ ադրբեջանաթուրքական զորքերը հարձակվեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ` սպանելով կանանց և երեխաներին, ավերելով մշակութային օջախները։ Մեկ տարի է անցել, և մենք ուզում ենք ասել, որ արցախցիների և հայերի կողքին ենք։ Մենք չենք հանձնելու»,–հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները։
«Ամոթ Ալիևին։ Ամոթ Էրդողանին։ Միացյալ Հայաստան։ Սյունիքն ուժեղ է։ Հայաստանն արդարություն է պահանջում»,– վանկարկել են նրանք։
Երիտասարդները բողոքի ակցիան ավարտել են Ադրբեջանի դեսպանատան առջև Հայաստանի օրհներգը կատարելով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: