ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ գրառում է արել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին։
«Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր խիտ բնակեցված համայնքները։ Արգելված զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, շտապ օգնության մեքենաներ և այլ հումանիտար նշանակության օբյեկտներ», - Facebook–ում գրել է նա։
Ստեփանյանը նշել է, որ 44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։ Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններին զոհ են գնացել 80 քաղաքացիական անձինք, որոնցին 42-ը հեռահար հարվածներից, 38-ը՝ ադրբեջանական գերության մեջ։
Քաղաքացիական 163 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մոտ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչներ զրկվել են իրենց տներից և ունեցվածքից, և թեև իրականացվող ծրագրերին՝ շարունակում են ամեն օր առերեսվել իրենց իրավունքների խախտումների՝ լիարժեքորեն չարժանանալով միջազգային հանրության և հումանիտար կազմակերպությունների ուշադրությանը։
«Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ ադրբեջանական կողմը առանձնակի դաժանությամբ անարգել, կտտանքների է ենթարկել և խոշտանգել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այսօր էլ շարունակում է միտումնավոր թաքցնել հայ ռազմագերիների իրական թիվն ու շինծու դատավարություններ իրականացնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողների նկատմամբ», - գրել է Արցախի ՄԻՊ–ը։
Նա նշել է, որ ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը՝ Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու և տարբեր հումանիտար հարցերում խոչընդոտներ հարուցելու ճանապարհով։
Նույն քաղաքականության բաղադրիչ է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը, որը միտված է ոչնչացնելու հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը և խեղաթյուրելու դրանց պատմական պատկանելիությունը։
«Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերը չեն արժանացել միջազգային հանրության հստակ գնահատականին, և պատերազմից մեկ տարի անց էլ իրագործած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության», - ամփոփել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` չնայած այս ամենին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում։