Մեկ սկիզբ, երկու ճակատագիր, կամ ինչու Մեծամորն այդպես էլ «ատոմնի» չդարձավ

Sputnik
Խորհրդային Միության տարածքում կառուցված ատոմային կայաններին կից կառուցվում էին «ատոմային» քաղաքներ։ Ընդհանուր խոստումնալից սկիզբ ունեցող այս քաղաքների ճակատագրերը Խորհրդային Միության փլուզումից հետո տարբեր կերպ դասավորվեցին` որոշները փլուզվեցին` այդպես էլ չհասնելով խոստացված «ատոմային» պայծառ ապագային, մյուսներին հաջողվեց զարգացման նոր ուղիներ գտնել։ Իրար շատ նման ու իրարից շատ տարբեր ատոմային քաղաքների օրինակներ են նաև հայաստանյան Մեծամորն ու ռուսաստանյան Պոլյարնիե զորին։
1. «Ատոմնի»- ի խորհրդային անցյալը
Մեծամորի քաղաքապետի տեղակալ Սամվել Գալստյանը քաղաքի առաջին բնակիչներից է։ Նա այստեղ է տեղափոխվել 47 տարի առաջ՝ 1974թ–ին, երբ աշխատանքի է անցել նոր բացված հայկական ատոմակայանում ու բնակարան ստացել քաղաքում կառուցված առաջին բնակելի շենքում։
Սամվել Գալստյան
«Երիտասարդ քաղաք էր, հուսով էինք, որ լավ ապագա կա։ Խորհրդային Միությունը մեծ ապագա էր խոստանում նորակառույց քաղաքին»,– հիշում է Գալստյանը։
Նրա խոսքով, բանվորական քաղաքի բնակչները, որոնք նաև ատոմակայանի աշխատակիցներ էին, այն ժամանակ էլեկտրաէներգիայի համար կես գին էին վճարում։ Քաղաքը կենտրոնացված ջեռուցում ուներ։ Անգամ խանութներն էին շատ ավելի հարուստ, քան Հայաստանի այլ քաղաքներում։
«Մեզ նույնիսկ տալոններ էին բաժանում խանութներից առևտուր անելու համար, թե չէ խանութներն այնքան լիքն էին, որ ամբողջ շրջանից այստեղ էին գալիս առևտուր անելու»,– հիշում է փոխքաղաքապետը։
Մեծամոր
Սամվել Գալստյանն ու մյուս բոլոր մեծամորցիները` որպես ատոմակայանի բանավան կառուցված իրենց քաղաքը մինչ օրս էլ «Ատոմնի» են կոչում, չնայած, որ այն այսօր առանձնացել է ատոմակայանից ու վաղուց արդեն չունի խորհրդային երբեմնի փառքն ու շքեղությունը։
2. Մեծամորցիների 1/3-ը Մեծամորում չի ապրում
Խորհրդային Միությունը փլուզվեց, ատոմակայանի աշխատանքը դադարեցվեց, Մեծամորում, ինչպես և ամբողջ Հայաստանում, սկսվեց էներգետիկ ճգնաժամը, սովորական դարձավ գործազրկությունը, որից երբեմնի արդյունաբերական քաղաքը մինչ օրս դեռ չի ձերբազատվել։
Մեծամորն այսօր պաշտոնապես 12 000 բնակիչ ունի, բայց փոխքաղաքապետի խոսքով, նրանցից միայն 8000–ն է մշտապես բնակվում քաղաքում, մյուսները կա՛մ Երևան են տեղափոխվել, կա՛մ արտերկիր` արտագնա աշխատանքի։
Հայկական ատոմակայան
Իսկ ատոմակայանում Մեծամորից միայն 1200 մարդ է աշխատում, ևս շուրջ 4-5 հարյուրն աշխատանքի են գալիս Երևանից ու այլ համայնքներից։
Շուրջ 250 մեծամորցի էլ աշխատում է քաղաքի այլ պետական ու համայնքային հիմնարկներում, դպրոց–մանկապարտեզներում ու հիմնականում նվազագույն աշխատավարձ է ստանում։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադևոսյանի խոսքով, ՀԱԷԿ–ն այսօր քաղաքի զարգացման որևէ ծրագրի չի մասնակցում, իսկ քաղաքային բյուջեի ձևավորմանը մասնակցում է բացառապես իբրև հարկատու` վճարելով քաղաքի վարչական տարածքից զբաղեցրած հողամասի դիմաց։
Նինա Թադևոսյան
«Խորհրդային տարիներին բոլորս գիտենք, որ ԱԷԿ–ը քաղաքին շատ է օգնել մանկապարտեզների կառւցման, կահավորման, քաղաքացիներին աշխատանքով ապահովելու և այլ հարցերով։ Բայց վերջին 15-20 տարիներին կայանը համայնքային կյանքին որևէ կերպ չի մասնակցում»,– ասաց Թադևոսյանը։
3. Ջերմ հուշեր հեռավոր ու անծանոթ երկրից
Մեծամորի ատոմակայանի կառուցման ծրագրի վրա ԽՍՀՄ 11-12 ազգերի ներկայացուցիչներ էին աշխատում։ Նրանցից մեկն էլ 1970-ականների սկզբին բուհը նոր ավարտած ու Հայաստան գործուղված երիտասարդ մասնագետ Յուրի Յաշչենկոն էր։
«Հայաստանն ինձ համար հեռավոր, անծանոթ երկիր էր»,– հիշում է նա` պատմելով, թե ինչպես ընդունեց Հայաստանի ատոմակայան գործուղվելու լուրը։
Հեռավոր ու անծանոթ երկրի առաջին տպավորությունը, Յաշչենկոյի խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալու պահից լսած ավտոմեքենաների ինքնաշեն ձայնային ազդանշաններն էին, որոնք շատ նորաձև ու տարածված էին 60-70-ականների Հայաստանում։
Յուրի Յաշչենկո
Ավելի ուշ արդեն ռուսաստանցի երիտասարդ մասնագետի հիշողությունները Հայաստանի մասին հարստացան հայկական խոհանոցի համերով ու հայկական հյուրասիրության անմոռանալի պահերով։
«Մեծամորում այդ տարիներին միջքաղաքային հեռախոսակապի կետ չկար։ Ամենամոտ կետը Հոկտեմբերյանում էր, կապն էլ երեկոյան ժամերին էր լինում, երբ արդեն ավտոբուսներ չկային։ Ես էլ գիշերային հերթափոխում էի աշխատում ու ստիպված էի լինում ոտքով հասնել Հոկտեմբերյան` հարզատներիս հետ խոսելու համար,– հիշում է նա,– բայց շատ հաճախ անծանոթ մարդիկ կանգնում էին, առաջարկում ավտոմեքենայով տանել ինձ։ Այնպես որ, Հայաստանից միայն բարի ու դրական հիշողություններ են մնացել»։
Կոլայի ատոմակայան
Յուրի Յաշչենկոն Մեծամորում ապրել է 1979թ–ի օգոստոս– դեկտեմբեր ամիսներին, մասնակցել ԱԷԿ–ի 2-րդ էնէրգաբլոկի մոնտաժման աշխատանքներին։ Մի քանի ամսում հասցրել է մտերմանալ ՀԱԷԿ–ում աշխատող հայ գործընկերների, հատկապես` բանվորական ճաշարանի աշխատակիցների ու ավտոբուսի վարորդի հետ։ Դրանից հետո Հայաստան գալու առիթ այլևս չի եղել, բայց Հայաստանը մինչ օրս էլ ջերմությամբ է հիշում, հատկապես, որ հայ մասնագետների հետ հանդիպելու առիթներ այսօր էլ է ունենում, բայց արդեն՝ Ռուսաստանի հեռավոր հյուսիսում։
Յուրի Յաշչենկոն Մուրմանսկի մարզի Կոլայի ատոմակայանի (Кольская АЭС) գլխավոր ինժեների վերանորոգման գծով տեղակալն է։ Մեծամորի ատոմակայանի վերագործարկման աշխատանքների շրջանակում հայ մասնագետներն այսօր հաճախակի են հյուրընկալվում Կոլայի ԱԷԿ–ում ու ԱԷԿ–ին կից Պոլյարնիե Զորի քաղաքում։
4. Պոլյարնիե Զորի. Մեծամորի նման ու Մեծամորից տարբեր
Պոլյարնիե Զորին գրեթե Մեծամորի հասակակիցն է, հիմնադրվել է 55 տարի առաջ` 1966թ–ին` Նախ` նոր կառուցվող ատոմակայանի շինարարների, ապա` ԱԷԿ–ի աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար։ Այսօր հեռավոր բևեռային քաղաքը 330 000 բնակիչ ունի։ Համայնքին են միացվել նաև հարակից 2 գյուղերը:
Պոլյարնիե Զորի
«Կոլայի ատոմակայանը Պոլյարնիե Զորիի համար բառի բուն իմաստով քաղաքաշինական հիմնարկ է։ Մենք կարծում ենք, որ մեր բնակչության կեսը անմիջականորեն կապված են ատոմակայանի հետ, այսինքն` աշխատում են այնտեղ կամ ԱԷԿ–ի աշխատակիցների ընտանիքի անդամներն են, մյուսները աշխատում են ԱԷԿ–ին սպասարկող կազմակերպություններում»,– հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
Նրա խոսքով, քաղաքն ու կայանն այնքան փոխկապակցված են, որ նույնիսկ քաղաքի ծննդյան օրը նշվում է ԱԷԿ–ի առաջին էներգաբլոկի գործարկման օրը` հունիսի 29-ին։
Մաքսիմ Պուխով
«Վերջին տոնակատարության օրը, երբ նշվում էր քաղաքի հիմնադրման 55–ամյակն ու ատոմակայանի գործարկման 45-ամյակը, մի կարգախոս ծնվեց` 2 տարեդարձ, 1 ճակատագիր, որը լավագույնս է բնորոշում մեր կյանքի ռիթմը։ Առավոտյան քաղաքի բնակչության մեծ մասը մեկնում է ԱԷԿ` աշխատանքի, երեկոյան` վերադառնում, ու այս ռիթմով քաղաքն ու կայանն ապրում են միասին»,– պատմում է քաղաքապետը։
ԱԷԿ–ը Մուրմանսկի շրջանի խոշորագույն հարկատուն է: 2019 –ին կայանը շուրջ 2,5 միլիարդ ռուբլի է փոխանցել մարզի բյուջե:
Հետաքրքրական է, որ Պոլյարնիե Զորին քաղաքային տրանսպորտ չունի։ Գործող երկու երթուղիները քաղաքը կապում են երկու հարակից գյուղական համայնքների հետ։ Իսկ քաղաքացիներին անվճար տեղափոխում են ատոմակայանի ծառայողական ավտոբուսները, որոնք տեղափոխում են ԱԷԿ–ի աշխատակիցներին։
Պոլյարնիե Զորի
Պոլյարնիե Զորիում անգամ երեխաների համար վերջին տարիներին կառուցված նոր սահադաշտը, ֆուտբոլային խաղադաշտը, լողավազանը, մշակույթի պալատը, երաժշտական դպրոցն ու լեռնադահուկային համալիրը կառուցվել են «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի աջակցությամբ։ Վերջինը անմասն չի մնացել նաև բևեռային հեռավոր քաղաքի ջեռուցման համակարգի արդիականացման ծրագրից։
«Մինչև 2012թ–ը ջեռուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը մասնավոր էր, և մեղմ ասած, այդ լծակն օգտագործում էր իշխանությունների նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ 2012թ–ին քաղաքի ջերմամատակարարման ամբողջ համակարգն անցավ «Ռոսէներգոատոմ» կոնցեռնում ստեղծված դուստր ձեռնարկությանը։ Հիմա այն զբաղվում է մեր քաղաքի կաթսայատան, ջեռուցման համակարգի, ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններով,– հայաստանցի լրագրողներին պատմեց Կոլայի ԱԷԿ–ի տնօրենի անձնակազմի կառավարման գծով տեղակալ Իգոր Կուտուզովը,– Մենք կարծում էինք, թե նոր կաթսայատունը կկարողանա անհրաժեշտ ջերմություն ապահովել միայն մինչև -15 ցրտի պայմաններում։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դրա հզորությունը բավականացնում է անգամ 30-40 աստիճան ցրտի դեպքում»։
Հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Առաջինը, ինչ նկատում է Պոլյարնիե Զորի առաջին անգամ այցելողը, քաղաքի աննկարագրելի հանգստությունն է, շրջակա բնության հետ ներդաշնակությունն ու անթերի մաքրությունը։
Փոշեկուլ մեքենաները քաղաքի փողոցները նույնիսկ անձրևային եղանակին են մաքրում։
Հայ շինարարներն ասֆալտապատման աշխատանքներ են կատարում Պոլյարնիե Զորի քաղաքում
Ի դեպ, անգամ Ռուսաստանի հեռավոր հյուսիսային այս քաղաքում, պարզվեց հայեր են աշխատում։ Քաղաքապետ Մաքսիմ Պուխովը պատմեց, որ ասֆալտապատման աշխատանքների վերջին մրցույթում մի հայկական ընկերություն է հաղթել։ Հայ շինարարներն անմիջապես սկսել էին աշխատանքը, որպեսզի հասցնեն կատարել ստանձնած պարտավորությունները մինչև առաջին ձյունն ու բևեռային գիշերը։
5. Հայկական իշխանի հյուսիսային բարեկամը. ով ինչ ջրում է ձուկ բռնում
Կոլայի ատոմակայանի շահագործումից շուրջ 30 տարի անց որոշվեց կայանի աշխատակիցների առողջ սնունդն ապահովելու նպատակով հենց ԱԷԿ–ի հարևանությամբ ձկնաբուծարան հիմնել։ Դրա համար ընտրվեց Պոլյարնիե Զորի համայնքի տարածքում գտնվող Իմանդրա լիճը։
Իմանդրա լճի ձկնաբուծարանը
Նախնական ծրագրով, այստեղ պետք է ծիածանափայլ իշխան ու կարպ բուծեին, քանի որ դրանք այս լճի էնդեմիկ տեսակներն էին։ Ավելի ուշ որոշեցին նաև թառափ բուծել, ու, որքան էլ դա անհավնական թվա` ԱԷԿ–ի շնորհիվ։
Բանն այն է, որ թառափի համար Իմանդրա լճի ջուրը շատ սառն է։ Բայց քանի որ ատոմակայանի հովացման համակարգի համար անհրաժեշտ սառը ջուրը վերցվում է Իմանդրայից և օգտագործվելուց հետո տաքացած ջուրը նորից վերադարձվում է լիճ՝ ջրի ջերմաստիճանը բարձրանում է։
«Թառափ այս ջրերում նախկինում չկար, բայց շնորհիվ նրա, որ ԱԷԿ–ից վերադարձվող ջրի շնորհիվ լճի հայելու ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձրացել է, 1995թ–ին այստեղ բերված թառափի ձկնկիթից մեզ հաջողվեց թառափ բուծել ու արդեն տեղում կազմակերպել նաև այդ ձկնատեսակի բուծումը»,– պատմում է BLK-Fish ընկերության ձկնաբան– ձկնորս Անատոլի Պոզնյակովը։
Անատոլի Պոզնյակով
Համեմատության համար նշենք, որ Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգի համար ջուրը վերցնում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ջրի անխնա օգտագործման, այդ թվում` մարզում հիմնված ձկնաբուծարանների պատճառով ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է` 6-9, որոշ տեղերում` 15 մետրով, իսկ արտեզյան ջրերի ծավալը կրճատվել է 67%-ով: Ջրի դեֆիցիտը, մասնագետների դիտարկմամբ, սպառնում է Հայաստանի պարենային ու էներգետիկ անվտանգությանը:
6. Մեծամորում ապագա կա. Պոլյարնիե Զորին պատրաստ է օգնել
Պոլյարնիե Զորին զարգացման իր հայեցակարգով ու ատոմակայանի հետ կապով, հայաստանցի փորձագետների համոզմամբ, կարող է օրինակ դառնալ հայաստանյան Մեծամորի համար։
Ինժեներ էներգետիկ, վերլուծաբան, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Մեծամորի զարգացման հեռանկարը, ինչպես քաղաքի հիմնադրման տարիներին, այնպես էլ այսօր, անհնար է պատկերացնել ՀԱԷԿ–ից անջատ։
Արա Մարջանյան
«Մեծամորը պետք է դառնա տեխնոլոգիաների զարգացման երիտասարդական քաղաք, և ատոմակայանը դրանում համալիր ու շատ կարևոր դեր պետք է խաղա։ Սա շատ ճիշտ խթան է։ Իսկ հետագայում նոր բլոկի կառուցումը նոր հնարավորություն է Մեծամորին զարգացման նոր զարկ տալու»,– ասաց Մարջանյանը` հավելելով, որ Մեծամորը կարող է վերածվել նաև ստարտափների քաղաքի։ Այն նաև լիարժեք հնարավորություն ունի դառնալու զբոսաշրջային կենտրոն` շնորհիվ իր 10 000-ամյա պատմության ու քաղաքից ոչ հեռու գտնվող հնավայրի։
Արա Մարջանյանը կարծում է, որ միմյանցից 4000 կմ հեռվոության վրա գտնվող երկու քաղաքները կարող են վերածվել քույր քաղաքների, ինչն էլ ավելի կնպաստի Մեծամորի վաղվա օրն ավելի հստակ ուրվագծելուն։
Պոլյարնիե Զորիում ևս պատրաստակամ են Մեծամորի հետ իրենց փորձը կիսելու։ Որպես առաջին քայլ Մեծամորին առաջարկվում է անդամակցել Ատոմային քաղաքների ասոցիացիային։
Մեծամոր
2013թ–ին ՌԴ–ում ստեղծված այս ասոցիացիային, ռուսաստանյան քաղաքներից բացի, արդեն անդամակցում են նաև Բելառուսի, Հունգարիայի ատոմային քաղաքները։ Համագործակցության որոշ կապեր են ստեղծվել նաև ֆիննական քաղաքների հետ։
Հայաստանն առայժմ ասոցիացիայի անդամ չէ, բայց ՌԴ մասնագետների համոզմամբ, Մեծամորի համար ևս օգտակար կլիներ կազմակեպությանն անդամակցելը, հատկապես, որ դա որևէ ֆինանսական պարտավորություն չի ենթադրում և ուղղված է բացառապես փորձի փոխանակմանը։
Ասոցիացիայի կամ Պոլյարնիե Զորի քաղաքի ղեկավարության կողմից Մեծամորում պաշտոնական հրավեր–առաջարկ դեռ չեն ստացել։ Բայց իրենք էլ դեմ չեն նոր կապեր հաստատելուն։