ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Նելլի Դանիելյան. Վայրի կենդանիներ պահող հայտնի ու անհայտ քաղաքացիներն առաջիկայում ստիպված կլինեն կա՛մ օրինականացնել իրենց հոբբին, կա՛մ զրկվել այդ հաճույքից։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` մեկնաբանելով կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները։
«Օրենքի ընդունումից հետո, բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար լինելու ցենզի գործադրմամբ, պետք է ենթարկվեն օրենքին ու իրենց տիրապետման տակ գտնվող վայրի կենդանիների, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանման համար որոշակի պարտավորություն ստանձնեն կամ զրկվեն իրենց այդ «հաճույքից»»,– ասաց Պետրոսյանը՝ պատասխանելով վայրի կենդանիների սիրահար հայտնի անունների մասին հարցին։
Ռոմանոս Պետոսյանը վստահեցնում է, որ վճռական է ոլորտը վերջնականապես կարգավորելու համար։
Կառավարությունը սեպտեմբերի 16-ին հավանության էր արժանացրել «Կենդանական աշխարհի մասին», Վարչական իրավախախտումների օրենսգրքում, Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը և այն ուղարկել խորհրդարան։
Թե Հայաստանում քանի վայրի կենդանի ու ինչ պայմաններում են պահվում, այս պահին հստակ տվյալներ չկան։
ՇՄ նախարարի խոսքով՝ հաշվառումը կարվի միայն օրենսդրական փաթեթի ընդունումից ու կիրարկումից հետո։
«Հաշվառումից բացի իրականացվելու է նաև որոշակի հսկողություն` տվյալ կենդանիների պահման վայրերի, պայմանների, քանակի, նպատակահարմարության, ինչպես նաև տվյալ կենդանու` տվյալ քաղաքացու ձեռքում հայտնվելու վերաբերյալ»,– ասաց Պետրոսյանը։
Դե, իսկ եթե այդ կենդանին Հայաստանում չի բնակվում, տերը ստիպված կլինի ներկայացնել նաև, թե երբ, որտեղից է ձեռք բերել այն ու ինչպես է տեղափոխել Հայաստան։
ՇՄ նախարարի դիտարկմամբ, Հայաստանում վայրի կենդանիներին անմարդկային պայմաններում պահելու վերջին դեպքերը նաև ոչ շահեկան կարգավիճակում են ներկայացնում մեր երկիրը միջազգային ասպարեզում։
Միջազգային ու տեղական բնապահպանաան կառույցները վերջին տարիներին մի շարք դեպքեր են ներկայացրել Հայաստանում անազատության մեջ պահվող կարմիրգրքային գորշ արջերի մասին։
Նշենք, որ օրինագծերի փաթեթի ընդունումից հետո անազատ ու կիսազատ պայմաններույմ վայրի կենդանիներ պահողներին 1 տարի ժամանակ է տրվելու հաշվառման ու լիազոր մարմնից թույլտվություն ստանալու համար։
Ամբողջ տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելու դեպքում կենդանիների տերերը առաջին անգամ կնախազգուշացվեն կամ կտուգանվեն 100 000 դրամով, իսկ Կարմիր գրքում գրանցված կենդանիների դեպքում` 150 000–200 000 դրամով։ Տեղեկություններ թաքցնող պաշտոնատար անձինք կտուգանվեն 170 000-250 000 դրամով։
Վայրի ու Կարմիր գրքում գրանցված կենդանիների անօրինական առք ու վաճառքի դեպքում քաղաքացիները կտուգանվեն 150 000-200 000 դրամով, պաշտոնյաները` 170 000 – 250 000–ով։
Հիշեցնենք` 2020թ–ի մարտի 13-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ում լուսանկարներ էր հրապարակել, որտեղ կաթի շշով կերակրում էր սպիտակ առյուծի փոքրիկ ձագին։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ 2015-2019 թվականների ընթացքում Գագիկ Ծառուկյանին ՀՀ–ից Բելառուսի Հանրապետություն 4 առյուծի վերաարտահանման թույլտվություն է տրամադրվել։
Մամուլի հրապարակումների համաձայն, իրեն պատկանող հանգստի գոտու տարածքում արջեր էրպահում նաև Տավուշի նախին մարզպետ Հովիկ Աբովյանը։
Իսկ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում 2018թ–ին կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ, 2 սիրամարգ և այլ հավազգիներ։