ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Դեռ վաղ է ասել, թե ինչ է փոխվել Հայաստանի ճանապարհներին պարեկային ծառայության հայտնվելով։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Նրա խոսքով` շատ քիչ ժամանակ է անցել, թեև որոշակի փոփոխություններն ակնհայտ են։ Եթե խախտում կատարած անձը նախկինում կարող էր ճանապարհային ոստիկանության աշխատակցին համոզել տուգանել իրեն, օրինակ, ոչ թե կարմիր լույսի տակ անցնելու համար, այլ ավելի մանր խախտման համար, ապա այսօր պարեկային ծառայության աշխատակիցներին համոզել հնարավոր չէ. վարորդը կպատժվի ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնը խախտելու համար։
Ինչ վերաբերում է անցած տարվանից գործող բալային համակարգին, ապա այն, ըստ Քեյանի, չլուծեց ճանապարհային բոլոր խնդիրները։
Տիգրան Քեյան
© Sputnik / Aram Nersesyan
Անցած տարվա ընթացքում տուգանային միավորները լրացրած և վարորդական իրավունքից զրկվածների թիվը հասել էր 2000–ի։ Ժամանակը ցույց տվեց, որ նրանցից շատերը շարունակում էին երթևեկել առանց վարորդական իրավունքի։ Փորձագետի կարծիքով` նման խախտումներ կատարողների հետ պետք է ավելի դաժան վարվել, ինչպես ասում են` «հարվածել գրպանին»։ Եվ եթե վարորդն, օրինակ, վարորդական իրավունքից զրկվում է երեք ամսով, նրա մեքենան պետք է հատուկ տարածք տեղափոխվի։
Միևնույն ժամանակ Քեյանը համոզված է, որ միայն պատիժը խստացնելով, պարեկային մեքենաներն ու տեսախցիկներն ավելացնելով հնարավոր չէ կարգուկանոն հաստատել ճանապարհներին։
Նրա խոսքով` ապագա վարորդներին, ինչպես նաև հետիոտներին ճանապարհային վարքագծի մշակույթ պետք է սովորեցնել դպրոցական նստարանից, միայն այդ ժամանակ իրավիճակն արմատապես կփոխվի։