ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արզաքանցյանը հայտնեց, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Պնդեց, որ Արամ Գասպարի Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն ունեցել, բայց պայմանավորվածություններ են խախտվել։
Մասնավորաբար, միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն, սակայն Արզաքանցյանը տարբեր աղբյուրներից իմացել է, որ Արամ Սարգսյանն առանց իր գիտության հանդիպել է ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։
«Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման։ Պետք է շնորհակալ լինել, մարդկային գործոնը պետք է չմոռանալ։ Քարոզարշավի ժամանակ ուր գնում է, գոռում է՝ Դեմոկրատական 15 համարը, ժողովուրդն էլ էդքան ժամանակ Արամ Գասպարիչին չէր տեսել»,- նշեց Արզաքանցյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում իր թիմի հետ որոշել են առանձին ճանապարհով ընթանալ, համագործակցել տարբեր թիմերի հետ։ Խոստացավ՝ հանրությունն այդ մասին մանրամասներ կիմանա շուտով՝ հոկտեմբերի սկզբին։
«Տեսնելով, թե ինչպես է քաղաքականությունը շարունակվում, ուր է գնում մեր երկիրը, ես՝ որպես հայրենասեր, իմ պարտքն եմ համարում իմ անմիջական մասնակցությունն ունենալ հայրենիքի ուժեղացման համար, ու մեր աշխատանքները շարունակական լինեն»,- ասաց Արզաքանցյանը։
Նա կարծում է՝ իրենք ճիշտ ճանապարհին են և իրենց թիմի հետ օգնելու են երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից։
Փակագծերը շատ չբացեց, բայց ակնկարկեց՝ նոր կուսակցությունն արդեն ստեղծված է, մնացյալի մասին ավելի ուշ կխոսեն՝ համագումարից հետո։
Արզաքանցյանը նաև նշեց, որ իրենց կուսակցությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի հետ։